ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Մեր հաղթաթուղթը մեր ձեռքին է

Մեր հաղթաթուղթը մեր ձեռքին է
09.05.2015 | 22:43

Ապրիլի 24-ից հետո Հայոց ցեղասպանության դատապարտմանը միացավ Լյուքսեմբուրգը՝ Եվրոպայի ամենափոքր, բայց ֆինանսական ու տնտեսական կարևորագույն խնդիրներ լուծող պետությունը: Ի պատասխան՝ Անկարան Լյուքսեմբուրգից հետ կանչեց դեսպանին: Արդեն ութ դեսպաններ հետ են կանչված՝ «խորհրդակցությունների համար»: Թուրքիայի նախագահը ասել է, որ կարող է Ռուսաստանից էլ դեսպանին հետ կանչել, իսկ երեկ արդեն հայտարարեց, որ սխալ էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի 2008-ին Հայաստան գալը:

«Ինչո՞ւ Անկարան չի հանդարտվում»՝ հարցրի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին.

-Այսպես շարունակվի, կարող է՝ Թուրքիան շուտով առանց դեսպան էլ մնա: Ինչպե՞ս հանդարտվի: Գործնականում Անկարան հայտնվել է մեկուսացման մեջ: Իհարկե, ոչ միայն հայերիս մեղքով: Արաբական գարունը կտրուկ կրճատեց տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը՝ Անկարան հարաբերությունները փչացրեց Սիրիայի, Եգիպտոսի, Եմենի, Իրաքի, ինչ-որ չափով Իսրայելի հետ: Այս տարի ավելացավ եվրոպական ալիքը՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի Վատիկանի պատարագից և Եվրախորհրդարանի բանաձևից հետո ակնհայտ է, որ Եվրամիությունը քաղաքակրթական արժեքները քաղաքական շահերից բարձր է դասում: Անգամ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուղերձում «գենոցիդ» բառի բացակայությունը Թուրքիան չգնահատեց ու շարունակեց մեղադրել Վաշինգտոնին: Հիմա էլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ այցի ընթացքում հայտարարում է, որ ԱՄՆ -ի կողմից ճանաչումը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի խնդիր է համարում (մի դեսպանի գլխին էլ սև ամպեր կկուտակվեն): Սա դասական ցայտնոտ է, որն ավելի խորացնում են հունիսին նշանակված խորհրդարանական ընտրությունները: Ի՞նչ պիտի ասի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը իր ընտրողին, որ նորից վստահության քվե ստանա: Էրդողանն ընտրեց ազգայնականության ճանապարհը՝ համարելով, որ ցեղասպանության ժխտողականությունն ավելի մեծ օգուտներ կտա ու «Արդարություն և զարգացումը» նորից մեծամասնություն կդառնա հենց ազգայնական հենքի վրա: Բայց հունիսից հետո հուլիս է գալու: Կյանքը շարունակվելու է, Թուրքիան չի կարող աշխարհագրություն փոխել, հարկադրված է լինելու քաղաքականություն վերանայել, բացարձակ ու բացահայտ թշնամական տոնը, վստահ եմ, որ քայլ առ քայլ նահանջելու է կենսական շահի պաշտպանության տրամաբանության առաջ, քանզի ժխտողականությունը գալիպոլիական արկածով բազմապատկած՝ իրենց համար սպասելի արդյունքների փոխարեն աշխարհին միայն հերթական անգամ իրենց ոչ ադեկվատությունը, անհանդուրժողականությունը և ոչօբյեկտիվությունն է ցույց տալիս: Լյուքսեմբուրգի դեսպանն էլ կվերադառնա Լյուքսեմբուրգ, Ավստրիայի դեսպանն էլ, Վատիկանի էլ, մյուսներն էլ: Անկարային դեմքը փրկելու ժամանակ է պետք: Կարծում եմ՝ արդեն հաջորդ տարի Էրդողանն էլ, Դավութօղլուն էլ, Չավուշօղլուն էլ (եթե վարչապետն ու արտգործնախարարը ընտրություններից հետո պահպանեն պաշտոնները) նվազ մարտական ու առավել դիվանագիտական տոն կտան իրենց հայտարարություններին ու ելույթներին: Ի վերջո, դա Թուրքիայի շահերից է բխում: Թուրքիայի շահերից է բխում թուրք-հայկական հարաբերություններից հանել ադրբեջանական գործոնը և երկու երկրների փոխհարաբերությունները չկապել երրորդ երկրի հետ: Բայց սա ավելի երկար ու դժվար գործընթաց է լինելու, որովհետև որքան խորանում է Անկարայի մեկուսացումը տարածաշրջանում, այնքան կարևորվում է Բաքվի դերը ու Ադրբեջանը ջանալու է առավելագույն օգուտները ստանալ իր կարգավիճակից, թեպետ շատ ու շատ դեպքերում գործում է բացահայտորեն Անկարայի դեմ՝ առաջ մղելով իր նավթագազային գործարքները և փորձելով նույնիսկ շրջանցել ռազմավարական դաշնակցին: Իսկ նախագահ Աբդուլլահ Գյուլի Երևան գալը սխալ համարող Էրդողանը, եթե իսկապես տեղեկատվությունը ճիշտ է, որովհետև ինքը՝ Գյուլն ասել էր, որ հնարավոր է՝ լուրը ճիշտ չի ընկալվել, ավելի լավ կանի մտածի սեփական սխալների մասին: Ի վերջո, որքան էլ Էրդողանը համարում է, որ Գյուլի Հայաստան գալը հաղթաթուղթ տվեց Երևանին, հաղթաթուղթ մենք Անկարայից չենք ստանում, մեր հաղթաթուղթը մեր ձեռքին է, մեր քաղաքականությունն է՝ ամրապնդված միջազգային աջակցությամբ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ